Ամեն վայրկյան աշխարհում դեն է նետվում վեց բեռնատարի չափ ուտելի սնունդ։ Ժամանակակից պարենային համակարգը մի կողմից վատնում է ռեսուրսները, մյուս կողմից՝ վնասում բնությունն ու մարդկանց առողջությունը։ Քաղաքները, որոնք մինչև 2050 թ․ կսպառեն աշխարհի սննդի մոտ 80%-ը, այս խնդրի կիզակետում են։ Հենց այս գիտակցումով Իտալիայի Միլանը «Ֆոնդազիոնե Կարիպլո» հիմնադրամի հետ մշակեց Միլանի պարենային քաղաքականությունը՝ համապարփակ ռազմավարություն, որը սնունդը դարձնում է ավելի առողջ, արդար ու շրջանաձև։
Սննդի թափոնների նվազեցում
Քաղաքում ստեղծվել են հատուկ «սննդի թափոնների հանգույցներ»․ այստեղ սուպերմարկետներից, շուկաներից ու ճաշարաններից հավաքվում է ուտելի, բայց չվաճառված սնունդը և վերաբաշխվում կարիքավորներին։ Նվիրատու կազմակերպությունները ստանում են նաև 20% հարկային զեղչ։ Հատուկ ծրագրեր են իրականացվել դպրոցներում․ օրինակ՝ աշակերտներին առաջարկվել է ճաշի վերջում մնացած միրգը վերցնել իրենց հետ, ինչի շնորհիվ դպրոցական ճաշարաններում թափոնները նվազել են 17%-ով։
Օրգանական թափոնների արժեքավորումը
Միլանը սննդի մնացորդները վերածում է ռեսուրսի։ Քաղաքապետարանի բեռնատարները հավաքում են օրգանական թափոնները և տեղափոխում հատուկ կայան։ Այնտեղ, անաերոբ մարսման և կոմպոստացման միջոցով, ստացվում է․
- կենսագազ, որը մատակարարվում է քաղաքի գազամատակարարման ցանց,
- կոմպոստ, որը պարարտացնում է գյուղատնտեսական հողերը։
Այսպես ձևավորվում է փակ շրջանաձև շղթա․ քաղաքի թափոնը սնուցում է հողը, իսկ հողը՝ նորից քաղաքը։
Միջազգային ազդեցություն
Միլանի մոդելը լայն արձագանք է ստացել։ Քաղաքի նախաձեռնությամբ ստեղծվել է Միլանի պարենային քաղաքականության պակտը, որը ստորագրել է աշխարհի 184 քաղաք։ Սա դարձել է միջազգային հարթակ՝ քաղաքներին օգնելու մշակել սեփական պարենային ռազմավարությունները։
Միլանի օրինակը ցույց է տալիս, որ քաղաքային մակարդակով հնարավոր է իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք ոչ մի կազմակերպություն կամ ընկերություն միայնակ չէր կարող հասնել։
Միլանի փորձի R ռազմավարությունները՝
Վերօգտագործում – պիտանի սննդի մնացորդները հավաքվում են սուպերմարկետներից, շուկաներից և ճաշարաններից և վերաբաշխվում կարիքավորներին։
Վերամշակում – սննդի թափոնները վերամշակվում են՝ ստանալով կենդանակերակուր կամ բարձրորակ կոմպոստ գյուղատնտեսության համար։
Վերականգնում – օրգանական մնացորդներից արտադրվում է կենսագազ, որը ծառայում է որպես վերականգնվող էներգիայի աղբյուր քաղաքի համար։
Միլանի պարենային քաղաքականության ազդեցությունների հիմնական ոլորտները
Բնապահպանական ազդեցություն – սննդի թափոնների զգալի կրճատում, որի արդյունքում նվազում է աղբի քանակը և դրական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։
Սոցիալական ազդեցություն – «Միլանի քաղաքային պարենային քաղաքականության պակտի» նախաձեռնությունը միավորել է աշխարհի 184 քաղաքների, խթանելով միջազգային համագործակցությունը և համայնքների մասնակցությունը։
Տնտեսական ազդեցություն – սննդի արդյունավետ օգտագործումը և թափոնների վերամշակումը ապահովում են զգալի խնայողություն ինչպես քաղաքի բյուջեի, այնպես էլ տնային տնտեսությունների համար։
Հոդվածը պատրաստեցին Արմավիրի պետական քոլեջի ուսանողուհիներ Սուսաննա Թորոսյանը և Աննա Բաղդասարյանը։
