«Ուղեցույց» ՀԿ-ի «Կրթենք և շրջանառենք» ծրագիրը այս անգամ էլ Շիրակի մարզում է։ Հոկտեմբերի 24-ին մեր թիմը հյուրընկալվել էր Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում՝ ուսանողների համար անցկացնելու հերթական աշխատարանը։ Խոսեցինք ռեսուրսների արդյունավետ կառավարման և շրջանաձև լուծումների մասին և խրախուսել ուսանողներին, որպեսզի նրանք էլ տարածեն կայուն լուծումների իրենց համայնքում։
Ինչպես և նախորդ հանդիպումների ժամանակ, ուսանողները, բաժանվելով խմբերի, վերլուծեցին մի քանի ուշագրավ օրինակներ՝ դրանք վերածելով հոդվածների մեր բլոգի համար։ Ուշադրություն դարձվեց ինչպես միջազգային, այնպես էլ տեղական փորձին։ Այս համատեքստում քննարկվեցին ինչպես նորարար բիզնես մոդելներ, օրինակ՝ մանկական հագուստի շրջանաձև բաժանորդագրությունը, այնպես էլ ռեսուրսախնայող տեխնոլոգիաներ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ակվապոնիկայի և վերականգնվող էներգիայի կիրառմանը, ինչպես նաև տեղական հաջողված փորձին՝ Արարատի մարզի կաթիլային ոռոգման համակարգերին։ Քննարկվեցին նաև ռեսուրսների սահմանափակումները, օրինակ՝ թղթի վերամշակման ցիկլերի սահմանափակ լինելը։ Ուսանողների պատրաստած նյութերը շուտով կհրապարակվեն մեր կայքում, ինչը կնպաստի շրջանաձև տնտեսության գաղափարների տարածմանը նաև Շիրակի մարզում։
Կրթենք և շրջանառենք ծրագիրը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:
