«Կրթենք և շրջանառենք» ծրագրի շրջանակում «Ուղեցույց» ՀԿ-ն հոկտեմբերի 1-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացրեց «Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում» խորագրով հերթական աշխատարանը։ Այս անգամ կազմակերպությունը հյուրընկալել էր Գավառի ավագ դպրոցի աշակերտներին։ Հանդիպման ընթացքում «Ուղեցույց» ՀԿ-ն նպատակ ուներ ցույց տալ, որ շրջանաձև տնտեսությունը ոչ թե ապագայի վերացական գաղափար է, այլ արդեն գործող շրջանաձև լուծումներ բիզնեսում, որոնք կիրառվում են աշխարհի խոշորագույն ընկերությունների կողմից։
Խմբային աշխատանքի ընթացքում մասնակիցները, բաժանվելով խմբերի, վերլուծեցին մի շարք ուշագրավ օրինակներ՝ իրենց ուսումնասիրությունները վերածելով «Ուղեցույց» ՀԿ-ի բլոգի համար նախատեսված հոդվածների։ Ներկայացվեցին այնպիսի օրինակներ, ինչպիսիք են Philips-ի «լուսավորությունը որպես ծառայություն» մոդելը, H&M-ի հագուստի հավաքագրման ծրագիրը, Renault Group-ի շրջանաձև տնտեսության գործարանի փորձը և այլն։ Իրենց պատրաստած նյութերը կայքում հրապարակելով և տարածելով աշակերտները կնպաստեն Հայաստանում այս առաջադեմ փորձի մասին գիտելիքի տարածմանը։
Կրթենք և շրջանառենք ծրագիրը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:
