Ի տարբերություն ավանդական մոդելի, նախագծային մոտեցման դեպքում ուսուցման գործընթացն ընթանում է հակառակ հաջորդականությամբ։ Նախ ներկայացվում է իրական խնդիրը (օրինակ՝ նոր բիզնեսի պլանավորում կամ գործընթացների օպտիմալացում), որից հետո միայն ուսանողները սկսում են փնտրել և յուրացնել այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է այդ խնդրի լուծման համար։
Դասախոսի և ուսանողի դերերի փոփոխությունը
Այս մոտեցման պարագայում դասախոսի դերը սկզբունքորեն փոխվում է. նա այլևս տեղեկատվության պասիվ փոխանցող չէ, այլ ուղղորդող (facilitator)։ Նրա հիմնական գործառույթն է օգնել ուսանողներին գտնել անհրաժեշտ նյութերը, հասկանալ դրանք և ճիշտ կիրառել գործնական խնդիրներ լուծելիս։
Այս մեթոդում առանցքային նշանակություն ունի ուսանողի մոտիվացիան։ Քանի որ նախագծային ուսուցումը հիմնված է ինքնուրույն գործողության վրա, ուսանողի պասիվությունը կամ հանձնարարականներն անտեսելը կարող է հանգեցնել ուսումնական ողջ գործընթացի ձախողմանը
Անհատական և խմբային նախագծեր
Դասընթացի շրջանակներում իրականացվող նախագծերը կարող են լինել երկու տեսակի.
- Անհատական նախագծեր. աջակցում են ինքնուրույն աշխատելու և պատասխանատվություն ստանձնելու հմտությունների ձևավորմանը։
- Խմբային նախագծեր. պահանջում են ստեղծարարություն և թիմային աշխատանքի կարողություն։ Այստեղ ուսանողները սովորում են կառավարել միջանձնային հարաբերությունները, բանակցել, հաղորդակցվել և լուծել թիմում առաջացող բնական դժվարությունները։
