Ներկայումս Ճապոնիան թափոնների վերամշակման մակարդակով աշխարհի ամենահաջողված երկրներից է։ 2021 թվականի տվյալներով՝ երկրում վերամշակվել է աղբի շուրջ 90%-ը, և միայն 5%-ն է ուղղվել աղբավայրեր։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս 5%-ը ճապոնացիները խնդիր են համարում, քանի որ բացարձակ թվերով դա թափոնների հսկայական ծավալ է։ Տարեցտարի աղբավայրերի համար նոր տարածքներ գտնելն ավելի է դժվարանում, ուստի երկրի նպատակն է ապագայում հասնել զրոյական թափոնների սկզբունքին։
Ճապոնիայի հաջողությունը ոչ այնքան տեխնոլոգիական լուծումների, որքան հասարակության մտածելակերպի և վարքագծի փոփոխության արդյունք է։ Այս հարցում առանցքային դերակատարություն է ունեցել «մոտտաինաի» (mottainai) փիլիսոփայությունը՝ ռեսուրսներն իզուր վատնելու համար ափսոսանք զգալու հայեցակարգը։ Այն հիմնված է չորս սկզբունքի վրա՝ նվազեցնել սպառումը (reduce), վերաօգտագործել (reuse), վերամշակել (recycle) և հարգել այն, ինչ ունես (respect)։

Կրթություն և հանրային մշակույթ
Դեռ վաղ տարիքից Ճապոնիայում երեխաները սովորում են ճիշտ տեսակավորել աղբը և խնայողաբար օգտագործել ռեսուրսները։ Դպրոցականները մասնակցում են թափոնների տեսակավորմանը, իրենք են մաքրում դասասենյակները և սովորում լինել թիմի անդամ։ Այս գործելակերպը վաղ տարիքից ձևավորում է անձնական պատասխանատվություն շրջակա միջավայրի նկատմամբ։
Մեծահասակների առօրյան ևս ենթարկվում է հստակ կանոնների, և տեսակավորումը դարձել է կյանքի անբաժանելի մասը։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է պետության համակարգային մոտեցման, կրթության և հանրային վերահսկողության համադրումը հանգեցնում իրական փոփոխությունների։

Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն
Ճապոնական համակարգը թափոնների համար ամբողջ պատասխանատվությունը չի դնում քաղաքացիների վրա։ Մեծ բաժին է ընկնում նաև ապրանքների և փաթեթավորման արտադրողների վրա։ Սա իրականացվում է արտադրողի ընդլայնված պատասխանատվության (Extended Producer Responsibility) հայեցակարգի միջոցով։
Այս քաղաքականության համաձայն՝ արտադրողները պարտավոր են ֆինանսավորել իրենց թողարկած արտադրանքի և փաթեթավորման հավաքումը և վերամշակումը։ Օրինակ՝ էլեկտրոնիկա արտադրողները վճարում են հին հեռուստացույցների, սառնարանների և լվացքի մեքենաների վերամշակման համար։ Սարքավորում գնելիս սպառողը վճարում է նաև դրա հետագա օգտահանման համար նախատեսված գումարը։

Զարգանում է նաև բազմակի օգտագործման և վերամշակելի ապրանքների շուկան։ Այս գործընթացը խթանվում է ինչպես սպառողների համար (հարկային արտոնություններ, պարգևավճարներ), այնպես էլ՝ ընկերությունների (սուբսիդիաներ, կայունության վարկանիշ) մակարդակով։
Այս մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել թափոնների առաջացումը՝ դեռևս նախքան դրանց՝ սպառողին հասնելը։ Ավելին, այն խթանում է գործարար շրջանակների ակտիվ ներգրավվածությունը շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում՝ այդպիսով ամբողջ բեռը միայն քաղաքացիների և պետության վրա չթողնելով։
Ճապոնական փորձի տեղայնացման հեռանկարները Հայաստանում
Թեև Հայաստանի տնտեսական և ենթակառուցվածքային իրողությունները տարբերվում են ճապոնականից, Ճապոնիայի փորձի բազմաթիվ տարրեր կարելի է հարմարեցնել տեղի պայմաններին։
Վաղ կրթություն։Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կարելի է ներդնել բնապահպանության դասեր՝ Ճապոնիայի օրինակով երեխաների մեջ սերմանելով թափոնները տեսակավորելու և իրերը խնամքով օգտագործելու սովորույթ։
Տեսակավորման աստիճանական ներդրում։ Տեսակավորումը կարելի է ներդնել աստիճանաբար՝ սկզբնական փուլում կիրառելով թափոնների պարզ տարանջատում (օրինակ՝ օրգանական, պլաստիկ, այլ)։ Սա կարելի է իրականացնել դպրոցներում, համալսարաններում և առանձին բնակելի թաղամասերում՝ որպես փորձնական ծրագրեր։
Օրենսդրական շրջանակ և գործարարների պատասխանատվություն։ Ստեղծել օրենսդրական դաշտ, որը կպարտադրի արտադրողներին մասնակցել իրենց արտադրանքի, մասնավորապես՝ փաթեթավորման վերամշակմանը։ Սա կարող է սկսվել խոշոր ներմուծողներից և տեղական ընկերություններից։
Հստակ կանոններ և տեսողական ուղեցույցներ։ Ճապոնիայի օրինակով կարևոր է սահմանել տեսակավորման պարզ ու մատչելի կանոններ՝ դրանք ուղեկցելով տեսողական (պատկերազարդ) ուղեցույցներով։ Անհրաժեշտ է նաև ստեղծել բնակիչների համար խրախուսման և հետադարձ կապի արդյունավետ համակարգ։

Օրինակը պատրաստել են Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի Կառավարում մասնագիտության բակալավրիատի 3֊րդ կուրսի ուսանողուհիներ Դարբինյան Արաքսյան ու Տիտանյան Մարիամը