«Ուղեցույց» ՀԿ-ի «Կրթենք և շրջանառենք» նախաձեռնությունը շարունակում է սովորողներին ներկայացնել շրջանաձև տնտեսության մոդելները։ Հոկտեմբերի 8-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացած հերթական աշխատարանը նախատեսված էր Ներքին Գետաշենի թիվ 2 ավագ դպրոցի սովորողների համար։
Աշխատարանի ընթացքում ծրագրի փորձագետներ Աննա Մարտիրոսյանը և Տիգրան Մկրտչյանը պատմեցին «արտադրել-օգտագործել-թափել» և դրա այլընտրանքային «շրջանաձև տնտեսության» մոտեցման տարբերությունները, քննարկվեցին այնպիսի բիզնես օրինակներ, որոնք արտադրանքը նախագծում են՝ մտածելով դրա հետագա ճակատագրի մասին։ Մասնակիցները վերլուծեցին, թե ինչպես է հնարավոր առօրյա իրերը՝ կահույքից մինչև մաքրող միջոցներ, դարձնել ավելի կայուն։ Քննարկվեց, թե ինչու է, օրինակ, շշի գույնի փոփոխությունը կարևոր վերամշակման համար, կամ ինչպես կարող է մեկ լուծվող հաբը փոխարինել պլաստիկ տարայով լի քիմիական նյութին։
Աշխատարանի գործնական հատվածը նվիրված էր թիմային աշխատանքին։ Աշակերտները, բաժանվելով խմբերի, ստացան առաջադրանք՝ վերլուծել շրջանաձև տնտեսության կոնկրետ, նորարար օրինակներ։ Այս ուսումնասիրությունների հիման վրա նրանք պատրաստեցին հոդվածների նախնական տարբերակներ, որոնք խմբագրումից հետո կհրապարակվեն «Ուղեցույց» ՀԿ-ի բլոգում։
Կրթենք և շրջանառենք ծրագիրը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:
