«Կրթենք և շրջանառենք» ծրագիրը շարունակում է իր տեղեկատվական արշավը՝ այս անգամ համախմբելով Վերին Գետաշենի ավագ դպրոցների աշակերտներին։ Հոկտեմբերի 8-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացած աշխատարանին մասնակցեցին Վերին Գետաշենի թիվ 1 և թիվ 2 դպրոցների սովորողները։
ԵՄ-ի կողմից աջակցվող այս նախաձեռնության շրջանակում ծրագրի փորձագետները ներկայացրին, որ շրջանաձև մոտեցումը դուրս է գալիս սովորական թափոնների վերամշակման ընկալումներից։ Աշակերտները տեսան, թե ինչպես կարող է մի ամբողջ շենք նախագծվել՝ ապագայում «քանդվելու» և նյութերի վերաօգտագործման համար (Circle House) կամ ինչպես են խելացի տեխնոլոգիաներն օգնում կրճատել սննդի զգալի թափոնները (Winnow)։
Աշխատարանի գործնական մասը նվիրված էր թիմային աշխատանքին։ Աշակերտները, բաժանվելով խմբերի, ուսումնասիրեցին շրջանաձև տնտեսության բազմոլորտ օրինակներ՝ ընդգրկելով նորաձևության, սննդի արդյունաբերության, շինարարության և անգամ ֆինանսների ոլորտները։ Նրանք վերլուծեցին, թե ինչպես են նորարար տեխնոլոգիաներն ու խելացի դիզայնը նպաստում թափոնների կրճատմանն ու ռեսուրսների վերաօգտագործմանը։ Միջազգային փորձի կողքին առանձնակի ուշադրություն դարձվեց նաև տեղական՝ Հայաստանում իրականացվող թափոնների կառավարման խրախուսական համակարգերին։ Այս ուսումնասիրությունների արդյունքում յուրաքանչյուր խումբ պատրաստեց թեմատիկ հոդված՝ «Ուղեցույց» ՀԿ-ի բլոգում հրապարակելու համար։
Կրթենք և շրջանառենք ծրագիրը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:
