Ներածություն․
Շինարարության ոլորտը համարվում է ածխաթթու գազի արտանետումների ամենախոշոր աղբյուրներից մեկը՝ ապահովելով համաշխարհային արտանետումների շուրջ 39%-ը։ Այս խնդրին արձագանքելով՝ Դանիայում իրականացվել է մի բացառիկ նախագիծ, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է կառուցել կայուն, վերամշակվող և շրջակա միջավայրին բարեկամական բնակարանային համալիրներ։
Հաջողված փորձի օրինակ
Circle House նախագիծը, որը նախագծվել է 3XN ճարտարապետական ստուդիայի կողմից, համարվում է աշխարհի առաջին սոցիալական բնակարանային համալիրն, որը ամբողջությամբ հիմնված է շրջանաձև տնտեսության սկզբունքների վրա։ Նախագծի առանձնահատկությունն այն է, որ շենքի կառուցման համար օգտագործվող նյութերի մոտ 90%-ը հնարավոր է ապամոնտաժել և կրկին օգտագործել կամ վաճառել՝ առանց արժեքի կորստի։
Շինարարության ընթացքում կիրառվել են նորարարական և վերամշակված նյութեր․
շենքերի երեսպատման համար՝ խցան և հին թերթեր, ջերմամեկուսացման համար՝ ծովախոտ, հատակների տակ՝ օգտագործված մեքենաների անվադողեր։
Նախագիծը, որը կառուցվում է Օրհուս քաղաքի հյուսիսում, ծառայելու է որպես փորձադաշտ, որտեղ կվերլուծվի շրջանաձև շենքերի շահագործման արդյունավետությունը և երկարաժամկետ ազդեցությունը։
Ազդեցություն
Circle House-ի մոդելը կարող է դառնալ շրջակա միջավայրին վնաս չպատճառող շինարարության գլոբալ նախադեպ։ Հաշվարկներով՝ նման մոտեցումը մինչև 2050 թվականը կարող է 38%-ով նվազեցնել շինանյութերից CO₂-ի արտանետումները և ապահովել Դանիայի տնտեսության համար տարեկան շուրջ 7.75 միլիարդ եվրոյի տնտեսական օգուտ։
Եզրակացություն
Circle House-ը ցույց է տալիս, որ ապագայի շենքերը կարող են լինել ոչ միայն հարմարավետ և մատչելի, այլև վերամշակվող ու կայուն։ Դանիական այս նախագիծը դառնում է վառ օրինակ, թե ինչպես կարելի է բնակարանաշինությունը դարձնել շրջակա միջավայրի պահպանության անբաժան մաս։

Հեղինակ՝

