«Ուղեցույց» հասարակական կազմակերպությունը, շարունակելով «Կրթենք և շրջանառենք» ծրագրի նպատակները, անցկացրել է մասնագիտական վերապատրաստում Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄԿՈՒ) դասախոսների և մանկավարժների համար։ Միջոցառումը տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) հյուրընկալ հարկի տակ։
Վերապատրաստման հիմնական թեման էր «Շրջանաձև տնտեսությունը և դրա ուսուցումը նախագծային ուսուցման (Project-Based Learning) մեթոդով»։ Հայտարարությունը, որը տարածվել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, գրավել էր մասնագետների լայն շրջանակի ուշադրությունը։
Այսօր, երբ շրջանաձև տնտեսությունն ու կայուն զարգացումը դառնում են ոչ թե ապագայի, այլ ներկայի պահանջ, առանցքային է դառնում այս գիտելիքը ուսանողներին փոխանցելու հմտությունը։ Վերապատրաստման նպատակն էր դասախոսներին զինել ոչ միայն շրջանաձև տնտեսության վերաբերյալ տեսական գիտելիքով, այլև գործնական գործիքակազմով։ Նախագծային ուսուցման մեթոդը թույլ է տալիս ուսանողներին պասիվ լսողից վերածվել ակտիվ խնդիր լուծողի՝ իրական կյանքի օրինակների վրա մշակելով սեփական կայուն նախագծերը։
Վերապատրաստումը համախմբել էր ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրու, Արարատի, Արմավիրի և այլ մարզերի մասնագետերի։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և գործնական աշխատանքի մթնոլորտում։ Վերապատրաստումը կնպաստի, որ շրջանաձև տնտեսության ուսուցումը դառնա Հայաստանի մասնագիտական կրթության համակարգի անբաժանելի և արդյունավետ մասը։
Կրթենք և շրջանառենք ծրագիրը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:



