Հոկտեմբերի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Ուղեցույց» ՀԿ-ի կողմից կազմակերպված ևս մեկ շրջանաձև տնտեսության աշխատարան՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող «Կրթենք և շրջանառենք» ծրագրի շրջանակում։ Այս անգամ «Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում» միջոցառմանը մասնակցում էր Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցի ավելի քան երեսուն սովորող։ Հանդիպման նպատակն էր աշակերտներին ցույց տալ, որ շրջանաձև տնտեսությունը ոչ միայն բնապահպանական անհրաժեշտություն է, այլև նորարար բիզնես մտածողություն։
Շրջանաձև տնտեսության աշխատարանի ընթացքում ծրագրի փորձագետները մասնակիցներին մանրամասն ներկայացրին, թե ինչու է ավանդական՝ «վերցնել-արտադրել-թափել» գծային տնտեսության մոդելն այլևս կայուն չէ։ Ռեսուրսների սպառումը, թափոնների կուտակումը և շրջակա միջավայրի աղտոտումը մարտահրավերներ են, որոնց շրջանաձև տնտեսությունը պատասխանում է։ Սովորողներին ներկայացվեց, որ շրջանաձև մոդելը հիմնված է թափոնների նախագծման բացառման, արտադրանքի և նյութերի կյանքի ցիկլի երկարացման և բնական համակարգերի վերականգնման սկզբունքների վրա։ Սա հատկապես կարևոր է ֆիզիկամաթեմատիկական ուղղվածությամբ սովորողների համար, քանի որ հենց նորարար տեխնոլոգիաներն ու գիտական մոտեցումներն են կազմելու այս անցման հիմքը։
Մասնակիցները գործնական օրինեկաների հիման վրա ուսումնասիրեցին, թե ինչպես կարելի է ստեղծել նոր արժեք՝ օգտագործելով այն, ինչը սովորաբար համարվում է թափոն։ Քննարկվեցին և վերլուծվեցին այնպիսի հաջողված փորձի օրինակներ, ինչպիսիք են ինչպիսիք են Freitag-ի (Շվեյցարիա) փորձը, որտեղ բեռնատարների հին ծածկոցները վերածվում են նորաձև պայուսակների, Renewell-ը (Ֆրանսիա), որը հին հագուստը վերափոխում է նոր արտադրանքի և այլն։ Թիմային աշխատանքների արդյունքում, մասնակիցները պատրաստեցին պրեզենտացիաներ և հրապարակումներ Ուղեցույց ՀԿ-ի Շրջանաձև տնտեսության բլոգի համար։
Հարկ է նշել, որ «Շրջանաձև տնտեսության բլոգը» «Ուղեցույց» ՀԿ-ի կողմից ստեղծված թեմատիկ հարթակ է, որի նպատակն է հայալեզու լսարանի համար հավաքագրել և հասանելի դարձնել շրջանաձև տնտեսության լավագույն փորձը։ Այս հարթակում համակարգված ներկայացվում են ինչպես միջազգային հաջողված մոդելներ ու նորարարություններ, այնպես էլ տեղական նախաձեռնություններ՝ նպաստելով թեմայի շուրջ գիտելիքի տարածմանը և նոր գաղափարների խթանմանը Հայաստանում։ Աշակերտների և ուսանողների ներգրավումն այս բլոգի համալրման գործում ծրագրի կարևոր բաղադրիչներից է։
Կրթենք և շրջանառենք ծրագիրը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:



