The Fabricant-ը թվային նորաձևության տուն է, որը հիմնադրվել է 2018 թվականին՝ Նիդերլանդներում։ Այն միավորում է նորաձևությունն ու տեխնոլոգիան՝ ձևավորելով նոր ոլորտ, որի նպատակն է ցույց տալ, որ հագուստը կարող է գոյություն ունենալ առանց ֆիզիկական մարմնավորման։ Այս նոր մոտեցումը զգալիորեն նվազեցնում է նորաձևության արդյունաբերության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Թվային նորաձևությունը չի ստեղծում ոչ մի թափոն կամ աղտոտում՝ ոչ արտադրության, ոչ էլ օգտագործման փուլերում, քանի որ հագուստը գոյություն ունի բացառապես թվային տարածքում։ Այս թվային հագուստները կարող են անվերջ պահպանվել, վաճառվել և օգտագործվել՝ առանց որակի կորստի։
Ի դեպ, երբ The Fabricant-ը ներկայացնում է ֆիզիկական հագուստի տարբերակներ, նախ դրանք ցուցադրվում են միայն թվային եղանակով։ Ցուցադրումների արդյունքում հավաքագրվում են տվյալներ, որոնք օգնում են պարզելու, թե որ մոդելներն ունեն ամենամեծ պահանջարկ։ Այս կերպ ընկերությունը արտադրում է միայն այն մոդելները, որոնց նկատմամբ իրականում կա հետաքրքրություն՝ խուսափելով գերարտադրությունից և ավելորդ թափոններից։
Առավելությունները
- Շրջակա միջավայրի պաշտպանություն
- Թվային նմուշների կիրառումը նախագծման և մշակման փուլերում կարող է նվազեցնել ածխածնի հետքը մինչև 30%։ Օրինակ՝ մեկ շապիկի թվային տարբերակը զրոյացնում է ջրի սպառումը (սովորաբար՝ միջինը 683 լիտր) և զգալիորեն նվազեցնում է CO₂-ի արտանետումները, ինչպես նաև թունավոր քիմիական նյութերի օգտագործումը։
Հաճախորդների ներգրավվածություն
Թվային «փորձարկումները» հաճախորդներին թույլ են տալիս տեսնել հագուստը իրենց թվային «կրկնօրինակի» վրա՝ մինչև գնում կատարելը։ Սա նվազեցնում է ապրանքների վերադարձը, ինչպես նաև դրան ուղեկցող փոխադրական և մշակումային վնասները շրջակա միջավայրին։
Մարքեթինգ և նորարարություն
The Fabricant-ը համագործակցում է հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպես օրինակ՝ Tommy Hilfiger-ը՝ ստեղծելով թվային ցուցադրություններ և գովազդներ։ Այս մոտեցումը խնայում է միջոցներ, նվազեցնում է ածխածնի արտանետումները, որոնք սովորաբար առաջանում են ֆիզիկական նկարահանումների ժամանակ, և միաժամանակ օգնում է հասկանալ հաճախորդի նախասիրությունները՝ առանց արտադրական նմուշներ պատրաստելու։
R-երի ռազմավարությունը և The Fabricant-ի մոդելը
The Fabricant-ի գործունեությունը համապատասխանում է շրջանաձև տնտեսության հիմնական «R» ռազմավարություններին՝ հատկապես կրճատում (Reduce) և վերաձևավորում (Repurpose) մոտեցումներին։
Կրճատում (Reduce) – Թվային նորաձևության շնորհիվ զգալիորեն կրճատվում է նյութերի օգտագործումը․ բացակայում է կտորի և թելերի պահանջարկը, ջրի սպառումը մոտենում է զրոյի, վերանում է թափոնների առաջացումը արտադրության ընթացքում։

Այս մոտեցումը թույլ է տալիս խուսափել գերարտադրությունից՝ ստեղծելով միայն այն հագուստը, որի նկատմամբ կա իրական պահանջարկ։
Վերաձևավորում (Repurpose) – Թվային հագուստը օգտագործվում է նոր եղանակով՝ որպես վիրտուալ ապրանք, որը սպառվում է սոցիալական մեդիայում, խաղերում կամ թվային հարթակներում։ Սա նոր նպատակով կիրառում է հագուստը՝ չսահմանափակվելով ավանդական՝ ֆիզիկական հագնումով։
Բացի այդ, թվային նախատիպերի հիման վրա սկսվում է ֆիզիկական արտադրություն՝ արդեն ճշգրիտ հաշվարկված պահանջարկի հիման վրա, ինչը նույնպես վերաձևավորման արդյունավետ օրինակ է։
Այս ռազմավարությունները ցույց են տալիս, որ նորաձևության ոլորտում նույնպես հնարավոր է գործել շրջանաձև սկզբունքներով, պահպանել բնական ռեսուրսները և միաժամանակ ապահովել նորարարություն ու ստեղծարարություն։ The Fabricant-ի մոդելը հստակ ունի երկու հիմնական ազդեցություն՝ բնապահպանական և տնտեսական, և երկուսն էլ շատ լավ տեղ են գտնում շրջանաձև տնտեսության շրջանակում։
Բնապահպանական ազդեցություն
The Fabricant-ի թվային նորաձևության մոդելը զգալիորեն նվազեցնում է բնության ռեսուրսների օգտագործումը։ Քանի որ հագուստը գոյություն ունի միայն թվային տարածքում՝ ջուրը գրեթե չի օգտագործվում (մեկ շապիկի դեպքում՝ միջինը խնայում է շուրջ 683 լիտր ջուր), չկան տեքստիլ թափոններ, նվազում են CO₂-ի արտանետումները և թունավոր քիմիական նյութերի օգտագործումը։ Այս մոտեցումը էական ազդեցություն ունի շրջակա միջավայրի պահպանության վրա՝ հատկապես համեմատած ավանդական նորաձևության արդյունաբերության բարձր վնասակար ազդեցության հետ։
Տնտեսական ազդեցություն
Թվային հագուստի արտադրությունը նվազեցնում է արտադրական ծախսերը՝ վերացնում է ֆիզիկական նմուշների պատրաստման անհրաժեշտությունը, խնայում է նյութեր, աշխատուժ և լոգիստիկ ծախսեր, նվազեցնում է վերադարձների քանակը՝ թվային փորձարկումների շնորհիվ։Այս ամենը բերում է շահույթի ավելացման՝ միաժամանակ պահելով ծախսերը նվազագույնի վրա։ Բացի այդ, տվյալների վրա հիմնված մոդելների շնորհիվ արտադրությունն ուղղվում է միայն պահանջարկ ունեցող ապրանքներին, ինչը խուսափում է չվաճառված պաշարներից։
Հոդվածը պատրաստեցին Սպիտակի պետական քոլեջի ուսանողներ Լիանա Ներսիսյանը և Լիլիթ Ներսիսյանը
