Գոյություն ունի մի անհավանական հակասություն. հացը, որը մարդկության համար սննդի և կյանքի խորհրդանիշն է, միևնույն ժամանակ ամենաշատ վատնվող մթերքներից է։ Միայն Մեծ Բրիտանիայում արտադրված հացի 44%-ը հայտնվում է աղբանոցում։ Այս ցնցող վիճակագրությունը ոչ միայն տնտեսական կորուստ է, այլև բարոյական խնդիր մի աշխարհում, որտեղ միլիոնավոր մարդիկ սովի են մատնված։ Հենց այս անարդարության դեմ պայքարելու համար ձեռներեց Թրիստրամ Ստյուարտը հիմնեց «Toast Ale» ստարտափը՝ առաջարկելով պարզ, բայց հանճարեղ լուծում. հացի մնացորդներից գարեջուր պատրաստել։ Գաղափարը կայանում է նրանում, որ գարեջրի պատրաստման համար անհրաժեշտ ածիկային գարու մոտ մեկ երրորդը փոխարինվում է հացի չորացրած կտորներով։
Ինչպես է այն աշխատում
Այս նախաձեռնությունը, թեև թվում է նորարարական, իրականում հիմնված է հինավուրց իմաստության վրա։ Գարեջրի պատրաստման ամենահին բաղադրատոմսը, որը մեզ է հասել հին Միջագետքից, որպես հիմնական բաղադրիչ ներառում էր հենց հացը։ Այս գաղափարը վերջերս վերակենդանացրել էր Բրյուսելի գարեջրի նախագիծը, որի փորձն էլ ոգեշնչել է «Toast Ale»-ի ստեղծողներին։ Գործընթացն ինքնին շատ պարզ է. ընկերությունը հավաքում է սենդվիչների արտադրամասերից, հացի փռերից և սրճարաններից մնացած հացի ավելցուկը, այնուհետև այն ավելացնում գարեջրի պատրաստման դասական բաղադրիչներին՝ գարուն, գայլուկին, խմորիչին և ջրին։ Այս պարզ փոփոխությունը ոչ միայն փրկում է հացը թափոն դառնալուց, այլև նվազեցնում է նոր հացահատիկ աճեցնելու համար անհրաժեշտ ռեսուրսների՝ հողի, ջրի և էներգիայի ծախսը։
Առավելություններ և բիզնես մոդել
- Ավելացված արժեք – ավելորդ հացը, որը այլապես կթափվեր, օգտագործվում է նոր արժեքավոր արտադրանք ստանալու համար։
- Բաց բաղադրատոմս – Toast Ale-ը հրապարակել է իր գարեջրի բաղադրատոմսը՝ խրախուսելով այլ գարեջրագործներին ևս միանալ նախաձեռնությանը։ Սա օգնում է մեթոդը տարածել ամբողջ աշխարհում և փորձարկել նոր համեր։
- Բարեգործություն – ընկերության ամբողջ շահույթը փոխանցվում է Feedback կազմակերպությանը, որը պայքարում է սննդի թափոնների դեմ։ Այսպիսով, բիզնեսի շահույթը շարունակում է շրջանառվել՝ աջակցելով նույն նպատակին։
Toast Ale-ը շրջանաձև տնտեսության հիանալի օրինակ է, որը ցույց է տալիս, որ սննդի թափոնների դեմ պայքարը կարող է լինել ոչ միայն արդյունավետ, այլև տնտեսապես շահավետ։ Ընկերությունը հույս ունի, որ ի վերջո կհասնի այնպիսի կետի, որտեղ իր գոյության կարիքն այլևս չի լինի, քանի որ հացի թափոնների խնդիրը կլուծվի։

Ռեսուրսների արդյունավետության և պահպանության ռազմավարություն
«Toast Ale»-ի առանձնահատկությունը միայն իր արտադրանքը չէ, այլև նրա բիզնես մոդելը, որը կառուցված է ոչ թե շահույթի, այլ առաքելության շուրջ։ Ընկերությունը չի թաքցնում իր բաղադրատոմսը. ընդհակառակը, այն «բաց կոդով» է և հասանելի բոլորին։ Նրանք ակտիվորեն խրախուսում են աշխարհի մյուս գարեջրագործներին կրկնօրինակել իրենց փորձը՝ ստեղծելով շարժում, որն արդեն տարածվել է Մեծ Բրիտանիայից մինչև Իսլանդիա, Հարավային Աֆրիկա և ԱՄՆ։ Ավելին, «Toast Ale»-ը սոցիալական ձեռներեցություն է. ստացված ամբողջ շահույթը՝ 100%-ը, ուղղվում է «Feedback» բարեգործական կազմակերպությանը, որը պայքարում է պարենային համակարգում առկա թափոնների դեմ՝ ֆերմայից մինչև սպառող։
«Toast Ale»-ի փիլիսոփայությունը բողոքելը չէ, այլ «ավելի լավ տարբերակ ցույց տալը»։ Նրանք ստեղծել են աշխույժ և գրավիչ բրենդ, որի յուրաքանչյուր շիշը մի ամբողջ պատմություն է պատմում։ Ինչպես նշում է հիմնադիր Թրիստրամ Ստյուարտը, իրենց վերջնական նպատակն այն օրն է, երբ «Toast Ale»-ը ստիպված կլինի փակվել, քանի որ դա կնշանակի, որ աշխարհում այլևս հացի ավելցուկ չկա։ Սակայն մինչ այդ օրը կգա, նրանք հավատում են, որ հացով պատրաստված գարեջրի շուրջ զրույցները կարող են փոխել աշխարհը՝ վերականգնելով կապը մեր սննդի և այն արտադրելու համար պահանջվող ռեսուրսների միջև։

Բնապահպանական, սոցիալական և տնտեսական ազդեցություններ
Toast Ale-ի մոտեցումը կարևոր բնապահպանական ազդեցություն ունի, քանի որ հացի մնացորդները չեն դառնում աղբ և օգտագործվում են նոր արտադրության մեջ՝ նվազեցնելով սննդի թափոնները և շրջակա միջավայրի ծանրաբեռնվածությունը։ Սոցիալական տեսանկյունից՝ ընկերությունն ստեղծում է նոր աշխատատեղեր, և աշխատակիցները իրենց եկամտից կարող են աջակցել որոշ սոցիալական կազմակերպությունների, ինչն օգնում է համայնքի զարգացումին։ Տնտեսական ազդեցությունը նույնպես դրական է՝ քանի որ նոր արտադրանքը նպաստում է տնտեսական աճին և զարգացմանը, ընդլայնելով շուկան և խթանելով շրջակա ոլորտները։

Օրինակը օգնեց պատրաստել Եվրասիա Միջազգային Համալսարանի “Կառավարում” մասնագիստության բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Բաբաջանյանը